Առողջապահության լրատու 16-17.2012
Պարօդոնտոլոգիական հիվանդություններ
Պարօդոնտոլոգիան ստոմատոլոգիայի բաժինն է, որն զբաղվում է լնդերի և պարօդոնտի բորբոքային հիվանդությունների կանխարգելմամբ և բուժմամբ:
Ժամանակակից պարօդոնտոլոգիայում մոտ 20 տեսակի տարբեր հիվանդություններ կան: Առավել հաճախակի հանդիպող հիվանդություններից են պարօդոնտիտը, պարօդոնտոզը, գինգիվիտը և այլն: Ցանկացած հիվանդություն, այդ թվում լնդերի բորբոքումը, շատ ավելի դյուրին է բուժել սկզբնական փուլում, քան, երբ հիվանդությունը բավական զարգացել է:
Պարօդոնտը կազմված է լնդերից, ատամի արմատի ցեմենտից, ատամի արմատի շրջոսկրից և ծնոտի ալվեոլյար ոսկրից:Պարօդոնտի հիմնական գործառույթն է` ատամը պահել ալվեոլային ոսկրի մեջ և մեղմել ծամողական ճնշումը: Պարօդոնտիտը հարատամնային հյուսվածքի բորբոքային հիվանդությունն է:
Այժմ պարօդոնտիտը ստոմատոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է, այն սոցիալական խնդիր է դարձել, քանի որ խախտում է ատամների հենքային գործառույթը, ծամելու գործընթացը, լնդերի արյունահոսություն է առաջացնում և, որպես հետևանք, ատամների կորստի պատճառ է դառնում, իսկ պարօդոնտային գրպանիկների ինֆեկցիան բացասաբար է անդրադառնում արդեն ողջ օրգանիզմի վրա:
Յուրաքանչյուր մարդու մոտ էլ առկա է այս կամ այն աստիճանի պարօդոնտիտ: Եվ ատամները մաքրելիս լնդերից պարբերաբար արյունահոսությունը լուրջ քրոնիկական հիվանդության առաջին ախտանշանն է:
Պարօդոնտիտի զարգացման պատճառ կարող են լինել կարիեսային ատամները, ատամնալիցքի անհարթ եզրերը և այլն, բայց պարօդոնտիտի զարգացման հիմնական պատճառը ատամնափառն է:
Ատամնափառի կուտակման արդյունքում, լնդերի եզրերի հատվածում բորբոքային ախտընթաց է զարգանում` գինգիվիտ: 2-3 շաբաթվա ընթացքում ատամնափառի հետագա կուտակման արդյունքում այն թափանցում է լնդերի տակ, քայքայելով ատամնալնդային ամրությունը:
Գինգիվիտը բուժելի հիվանդություն է: Բերանի խոռոչի հիգիենայի խնամքով պահպանման դեպքում այն հնարավոր է կանխարգելել: Բայց, եթե անտեսվի բերանի խոռոչի հիգիենիկ խնամքը և կուտակվի ատամնափառը, ապա բորբոքումը կտարածվի դեպի ոսկրային և շարակցական հյուսվածքներ, և պարօդոնտիտ կզարգանա, որը պարօդոնտում անդառնալի փոփոխություններ կառաջացնի:
Պարօդոնտիտը դատավճիռ չէ: ժամանակակից ստոմատոլոգիան հաջողությամբ պայքարում է պարօդոնտիտի հետևանքների դեմ շնոհիվ ախտորոշման և բուժման նոր մեթոդների: Որքան վաղ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան հեշտ է լինում այն բուժելը և վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի առաջանում:
Պարօդոնտիտի ախտանշաններն են.
- լնդերի արյունահոսություն, որը հիմնական ախտանշաններից մեկն է,
- ոչ թարմ շնչառություն,
- բերանի խոռոչում թարախային արտադրության առկայություն,
- ատամների մերկացած արմատներ, շարժվող ատամներ, որոնք պարօդոնտիտի տագնապալի ախտանշաններն են:
Պարօդոնտիտը և ախտանշանները ցավով չեն ուղեկցվում և դանդաղ զարգանում են, այդ պատճառով էլ բերանի խոռոչում նկատվող աննշան փոփոխությունների դեպքում անգամ անպայման պետք է դիմել բժշկի:
Պարօդոնտիտի արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է սկսել հետազոտություններից և ախտորոշումից:Պարօդոնտի համալիր բուժումը բաղկացած է մի քանի փուլից:Առաջին և պարտադիր փուլը վերլնդային և ենթալնդային սքեյլինգն է և ատամների արմատների մակերեսի հարթեցումը, ինչպես նաև, հարկ է պացիենտին սովորեցնել բերանի խոռոչի հիգիենայի կանոնները, մշտապես հսկողության տակ պահելով ատամնափառի գոյացումը: Պարօդոնտիտի սկզբնական փուլում դա միակ բուժումն է, եթե պատճառային թերապիա չի պահանջվում (ատամնալիցքերի, արհեստական ատամնապսակների անհարթ եզրերի հարթեցում, էնդօդոնտիկ բուժում, կծվածքի շտկում):
Բուժման առաջին փուլի արդյունավետությունը գնահատվում է երկու ամիս հետո: Բերանի խոռոչի բավարար հիգիենան, պարօդոնտային գրպանիկների խորության նվազումը, լնդերի արյունահոսության վերացումը վկայում են կայուն արդյունքների մասին:
Եթե բորբոքային ախտընթացը չի վերանում, չնայած բերանի խոռոչի բավարար հիգիենային, ապա անցում է կատարվում բուժման հաջորդ փուլին`պարօդոնտի վիրահատական միջամտությանը, որի նպատակն է.
- հյուսվածքների վերականգնում,
- պարօդոնտի մնացուկային բորբոքային ախտընթացի բուժում,
- որոշ դեպքերում ատամնահյուսվածքի, լնդերի և ալվեոլային ոսկրի ձևաբանական փոփոխություն ֆիզիոլոգիական ձևն ստանալու համար:
«Հիվանդությունն ավելի դյուրին է կանխարգելել, քան բուժել». այս արտահայտությունն արդարացված է նաև ստոմատոլոգիայում: Եվ միայն վաղ կանխարգելումը, պարբերաբար հետազոտությունները, հիգիենիկ պրոֆեսիոնալ միջոցառումները, ատամների ժամանակին ու կանոնավոր խնամքը կարող են էապես նվազեցնել պարօդոնտի հիվանդությունների զարգացման և համակարգային հիվանդությունների սրացման ռիսկը:
Գինգիվիտ
Ինչ է գինգիվիտը: Գրականությունում այն բնորոշվում է հետևյալ կերպ. գինգիվիտը հարատամնային հյուսվածքի (պարօդոնտի) բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տեղային և ընդհանուր գործոնների ազդեցության պատճառով և ընթանում է առանց խաթարելու ատամնալնդային ամբողջությունը:
Գինգիվիտը լինում է մի քանի տեսակի. կատառային, հիպերտրոֆիկ, խոցային-նեկրոտիկ:
Կատառային գինգիվիտն ամենատարածվածձևն է, որի դեպքում դիտվում է լնդերի հիպերեմիա (կարմրություն), աննշան այտուցվածություն, բնորոշ է ատամնային կոշտ և փափուկ ատամնափառի առկայությունը:
Հիպերտրոֆիկ գինգիվիտ ավելի հազվադեպ է հանդիպում: Հիպերտրոֆիկ գինգիվիտը շատ հաճախ առաջանում է օրգանիզմում էնդոկրին փոփոխությունների ֆոնի վրա: Հիվանդության բնորոշ առանձնահատկությունն ատամնալնդային պտկիկների չափերի մեծացումն է: Այստեղից էլ անվանումը` հիպերտրոֆիկ գինգիվիտ: Բացի դրանից, լնդերը կարող են լինել մուգ կարմրա- կապտավուն երանգի: Արձանագրվում է արյունահոսություն, թարախահոսություն, բերանի տհաճ հոտ, կեղծ-պաթոլոգիկ գրպանիկների ձևավորում: Ինչպես նաև` ատամնափառ:
Խոցա-նեկրոտիկ գինգիվիտ տեսակը զարգանում է, այսպես կոչված,«Վենսանի խոցա-նեկրոտիկ ստոմատիտի» ֆոնի վրա և դրա կլինիկական դրսևորումն է: Բերանի խոռոչում լինում է լորձաթաղանթի բորբոքում, որն ընթանում է միջատամնային պտկիկների նեկրոզով, արյունահոսություն, բերանի տհաճ հոտ: Հաճախ դրսևորվում է գրիպի, անգինայի, ՍՇՀ-ի, արյան հիվանդությունների, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի դեպքում և այլն:
Գինգիվիտի բուժումը
Ըստ հիվանդության ծանրության աստիճանի, կիրառվում են բուժման տարբեր մեթոդներ` բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրումից մինչև վիրահատական միջամտություն:
Պարօդոնտոզ
Պարօդոնտոզը պարօդոնտի դեստրուկտիվ հիվանդությունն է: Զարգանում է դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով:
Տարբերակում են հիվանդության ծանրության երեք աստիճան` թեթև, միջին, ծանր:
Շատ հաճախ պարօդոնտոզը շփոթում են պարօդոնտիտի հետ: Բայց սրանք լիովին տարբեր հիվանդություններ են, գլխավոր տարբերությունը հիվանդության առաջացման պատճառներն են և ընթացքը:
Ըստ տարածվածության, պարօդոնտոզն ընդգրկում է ողջ ծնոտն անմիջապես: Պարօդոնտոզով մարդիկ բողոքում են ատամների վզիկների և արմատների մերկացումից, որի հետևանքով կարող է առաջանալ հիպերեսթեզիա (ատամների գերզգայունություն): Լնդերը, որպես կանոն, բորոբոքված չեն լինում, բաց-վարդագույն են դառնում, առանց թարախային արտադրության, որը լինում է պարօդոնտիտի դեպքում: Պարօդոնտոզի ժամանակ, նույնպես իր տարբերություն պարօդոնտիտի, պաթոլոգիկ գրպանիկներ չեն զարգանում, չնայած մերկացած արմատներին, ատամները երկար ժամանակ պինդ են մնում, չեն շարժվում, միայն հիվանդության ծանր փուլի դեպքում ատամները կարող են շարժվել և թափվել:
Պարօդոնտոզի պատճառները մինչև վերջ պարզված չեն: Բայց նախատրամադրող գործոններ են ժառանգականությունը, աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը, ինչպես նաև, ատամների շրջակա հյուսվածքների սնուցման խանգարումը, կապված այդ հատվածների արյան մատակարարման առանձնահատկությունների հետ:
Պարօդոնտոզի բուժումը համալիր բնույթ է կրում: Պետք է կանգնեցնել ախտընթացը, պահպանել ատամները, կարգավորել ատամնածնոտային ողջ համակարգի գործառնությունը: Համալիր բուժման մեջ մտնում են տեղային արյան շրջանառությունը լավացնող, ակտիվացնող մեթոդները, բերանի խոռոչի պրոֆեսիոնալ խնամքը, օրթոպեդիկ միջամտությունները: Նշանակվում է նաև դեղորայքային բուժում, որը ներառում է վիտամինաթերապիա, հորմոնային պատրաստուկներ:
Պարօդոնտոզի բուժումը պետք է լինի գրագետ և, գլխավորը, ժամանակին, պարտադիր պետք է հաշվի առնել պացիենտի անհատական առանձնահատկությունները, միայն այդ դեպքում կարելի է ստանալ ցանկալի, որակյալ արդյունքը:
Լնդերի բորբոքում
Լնդերի բորբոքումը կարող է դրսևորվել գինգիվիտի և պարօդոնտիտի ձևով: Լնդերի բորբոքման առաջին ախտանշանն ատամները մաքրելիս արյունահոսությունն է: Լնդերի արտաքին տեսքն էլ կարող է վկայել բորբոքման առկայության մասին: Նորմայում այն պետք է լինի բաց վարդագույն: Եթե լնդերը կարմրած են և այտուցված, ապա փաստ է, որ բորբոքված են:
Լնդերի բորբոքային հիվանդությունները սովորաբար սկսվում են միջատամնային լնդային պտկիկների բորբոքումից: Ատամները մաքրելիս հենց դրանք են սկսում արյունահոսել և վառ կարմիր գույն ունեն: Եթե առողջարար ոչ մի բուժգործողություն չկատարվի, ապա բորբոքումը կտարածվի ողջ լնդերի և ոսկրերի վրա: Եվս մեկ հանգամանք, ժամանակին ստոմատոլոգի հետ չխորհրդակցելու դեպքում, արդեն հարկ կլինի բուժել ոչ թե գինգիվիտը, այլ պարօդոնտիտը: Ըստ բորբոքման աստիճանի ընտրվում են բուժման մեթոդները: Իսկ հիվանդության ձևն ու ծանրության աստիճանը ճիշտ ախտորոշել կարող է միայն ստոմատոլոգը հետազոտությունների հատուկ մեթոդներով և դրանց հիման վրա կազմել տվյալ դեպքի համար արդյունավետ բուժման պլանը:
Լնդերի հիվանդությունների բուժումը
Ստոմատոլոգիական օգնության դիմած գրեթե յուրաքանչյուր երկրորդ պացիենտի մոտ լնդերի հետ խնդիրներ կան, իսկ ավելի ճիշտ, պարօդոնտի: Դրանք կարող են արտահայտվածության տարբեր աստիճաններ ունենալ, սկսած գինգիվիտից մինչև պարօդոնտոզ: Որոշ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է վառ արտահայտված լինել, և նրանք բժշկին դիմում են արդեն կոնկրետ գանգատներով, օրինակ, լնդերի արյունահոսություն, ատամների գերզգայունություն, ատամների արմատների մերկացում, ատամերի շարժվելը և այլն: Իսկ շատերն էլ այդ ամենի վրա ուշադրություն չեն դարձնում և նույնիսկ չեն էլ կասկածում լնդերի հիվանդության և հետևանքների մասին:
Լնդերի հիվանդությունների պատճառները
Առաջինը, որքան էլ հասարակ լինի, այնուամենայնիվ, ամեն ինչ սկսվում է բերանի խոռոչի սխալ խնամքից: Ատամնափառն ու քարերը բացասաբար են անդրադառնում լնդերի սնուցման վրա, դրանց միանում են մանրէները և քայքայում են ատամի շուրջբոլորի հյուսվածքը: Ողջ ախտընթացը խորանում է լնդերի տակ, քայքայելով ոսկորը, ձևավորվում են պաթոլոգիկ ատամնալնդային գրպանիկները: Եվ այդ ախտընթացը ավարտվում է նրանով, որ բացարձակապես առողջ ատամները սկսում են շարժվել ու թափվել: Իսկ այդ ամենը հնարավոր է կանխարգելել լնդերի հիվանդությունների ժամանակին բուժմամբ:
Երկրորդ շատ կարևոր գործոնը սխալ կծվածքն է, որի հետևանքով ժամանակի ընթացքում մերկանում են ատամների վզիկներն ու արմատները, ատամները գերզգայուն են դառնում: Պարօդոնտի ընդհանուր առողջական վիճակի վերաբերյալ առավել ճշգրիտ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կատարել պանորամային նկարահանում, որը կոչվում է օրթոպանտոմոգրամմա: Այն հնարավորություն է տալիս բժշկին տեսնել պացիենտի պարօդոնտի վիճակը, հատկապես, հարատամնային ոսկրերի վիճակը: Ըստ հիվանդության ծանրության աստիճանի, կատարվում է բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա, կյուրետաժ կամ վիրահատական միջամտություն: Գլխավոր խնդիրն է մաքրել ողջ բորբոքված, ախտահարված հյուսվածքը և թույլ չտալ, որ հիվանդությունը զարգանա: Հիվանդությունը չի կրկնվի, եթե հիվանդին բացատրվեն բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի կանոնները և նա, իր հերթին, դրան պատասխանատվությամբ մոտենա:
Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել մեկ կարևոր հանգամանքի վրա. ցանկացած ստոմատոլոգիական միջամտությունից առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել լնդերի առողջական վիճակի վրա: Քանի որ այն պետք է լինի հուսալի և ամուր, որպեսզի այն ամենը, ինչ կատարվելու է բերանի խոռոչում, ծառայի երկար ու լինի հարմարավետ:
Լնդերի արյունահոսություն
Լնդերի արյունահոսությունը հիմնական ախտանիշն է, որը վկայում է լնդերի բորբոքման մասին: Լնդերի արյունահոսությունը, որպես կանոն, լինում է պաթոլոգիական երկու վիճակների դեպքում` գինգիվիտի և պարօդոնտիտի:
Գինգիվիտը լնդերի բորբոքման առաջին փուլն է: Եթե այն բուժելու համար ոչ մի բուժգործողություն չի կատարվում, հիվանդությունը զարգանում է և արդեն պարօդոնտիտն է,«մտնում իր իրավունքների մեջ» այսինքն բորբոքվում է հարատամնային հյուսվածքը, ներառյալ ոսկրային հյուսվածքը:
Լնդերի արյունահոսության բուժումը
Բուժումը կախված է տվյալ ախտընթացի դրսևորումից: Եթե այն կապված է հորմոնային փոփոխությունների հետ, ապա ոչ մի առանձնահատուկ միջոց չի ձեռնարկվում, քանի որ ամեն ինչ ինքն իրեն հարթվում է, երբ հորմոնային ֆոնը կարգավորվում է: Իսկ եթե խոսքը լուրջ հիվանդությունների մասին է, ապա, առաջին հերթին, հարկ է ուշադրություն դարձնել հիմնական հիվանդության վրա: Իսկ եթե գինգիվիտ կամ պարօդոնտիտն է առկա, ապա պետք է վերացնել պատճառային գործոնը, մաքրել ատամնաքարերն ու ատամնափառը և, անհրաժեշտության դեպքում, պարօդոնտոլոգիական բուժում անցկացնել:
Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ինչպիսին էլ լինի լնդերի արյունահոսության պատճառը, բերանի խոռոչի հիգիենան պետք է անհրաժեշտ մակարդակով կատարվի, որպեսզի էլ ավելի չվատանա արդեն առկա վիճակը:
Էլլա
08.02.2016
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
հարգելի Արմինե, բարև Ձեզ: Դրա պատճառը ստորին ծնոտը վերին ծնոտին միացնող կապանների թուլացումն է, որի պատճառով հոդային մակերեսները շարժվում են միմյանց նկատմամբ: Կարող եք օգտագործել "խոնդրոիտին սուլֆատ" և "գլյուկոզամին" պարունակող միջոցներ, որոնք ամրացնում են կապանային համակարգը:
Արմինե
09.10.2015
Մեդ-Պրակտիկ
14.03.2015
Հարգելի Աննա, բարև Ձեզ: Խնդիրը կապված է վերին և ստորին ծնոտները միացնող հոդի կապանի թոյլ լինելու հետ: Խոսելու կամ հաց ուտելու ժամանակ, կապանի թուլացման պատճառով հոդային մակերեսները ուժեղ հպվում են միմիյանց, շարժվում են, որի հետևանքով լսվում է այսպես ասած կտտոց: Կապանների ամրացման համար կարող եք օգտագործել գլյուկոզամին և խոնդրոիտին սուլֆատ պարունակող միջոցներ, դրանք վաճառվում են դեղատներում:
Աննա
04.03.2015
Մեդ-Պրակտիկ
28.01.2015
Հարգելի Mary, Ձեր նկարագրած ախտանշանները ցույց են տալիս, որ տվյալ ատամի տակ պրոցես կա, հավանաբար թարախային, որի հետ են կապված ուժեղ ցավերը և պուլսացիայի զգացումը: Ցավոք տնային պայմաններում խնդիրը լուծել հնարավոր չէ: Հարկավոր է դիմել ատամնաբույժի, և կատարել ռենտգեն հետազոտություն: Մինչ այդ բերանի խոռոչը կարող եք ողողել հակասեպտիկ միջոցներով, օրինակ հեքսիլոկի լուծույթով և որպես ցավազրող կետոպրոֆեն պարունակող հաբեր օգտագործել, սակայն նշված միջոցները հարցի լուծում չեն: Տաք դնել միանշանակ չի կարելի, դա միայն կխորացնի պրոցեսը:
Mary
14.01.2015
Կարդացեք նաև
Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...
ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...
Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում մրցանակակիրները երկուսն են...
Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...
Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...
ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...
Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...
Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...
Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...
Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն